Ահա և վրա հասան ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի այն ընտրանիների հանդիպումների օրերը, որոնք բրազիլական եզրափակչին մասնակցության հարցը ճակատագրի կամոք թե հեգնանքով հանձնել էին անցումային խաղերին: Ցյուրիխում կայացած վիճակահանությամբ նոյեմբերի 15-ին ու 19-ին միմյանց հետ կմրցեն ՈՒկրաինա-Ֆրանսիա, Պորտուգալիա-Շվեդիա, Հունաստան-Ռումինիա, Իսլանդիա-Հորվաթիա զույգերը: Այդ զույգերից յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին-առանձին:
ՈՒԿՐԱԻՆԱ-ՖՐԱՆՍԻԱ
Կողմերը միմյանց հետ մինչև հիմա հանդիպել են յոթ անգամ: Եթե նայենք վիճակագրությանը, ուկրաինացիների համար այն հուսադրող չէ` չորս պարտություն, երեք ոչ-ոքի: Սակայն սրանից բխեցնել, թե հաղթողի հարցն ի սկզբանե վճռված է (ի դեպ, այդպես հակված են մտածելու աշխարհի շատ ու շատ հեղինակավոր մասնագետներ), թերևս ճիշտ չի լինի, քանզի նման դիմակայություններն ունեն իրենց յուրօրինակ տրամաբանությունը: Բացի այդ, ուկրաինացիները կարո՞ղ են հուսալ, որ մի օր վրա է հասնելու իրենց ձախորդությունների վերջը` 1998-ին այս փուլում զիջեցին հորվաթներին, 2002-ին` գերմանացիներին, 2010-ին դարձան հույների զոհը:
Անցողիկ խաղի մի փորձ էլ ունեն ֆրանսիացիները: Չորս տարի առաջ նրանք սկանդալային հակամարտությունում անցան իռլանդական արգելքը, որի առաջ ֆուտբոլային բոսերը յուրօրինակ «մեղա» եկան` երկու տարի անց Եվրոպայի խմբայինում մեր ընտրանուն զոհասեղան հանելով։ Սակայն եկեք մեր դարդերը քամուն չտանք` վերքը նորից փորփրելով:
Եվ, այնուամենայնիվ, այսքանից հետո` ՈՒկրաինա՞, թե՞ Ֆրանսիա:
Բոլոր դեպքերում, կարծում եմ, Ֆրանսիա, թեկուզև զուտ նրա համար, որ եթե աշխարհն էլ «տեղում» չլինի, Պլատինի ազգանունով Միշել պապան հո՞ տեղում ու տեղում է, իսկ ՈՒկրաինան պիտի որ իրեն լիուլի վարձատրված զգա Եվրոպայի վերջին առաջնության եզրափակիչը Տարաս Բուլբայի պապենական հողերում անցկացնելու հնարավորության համար. ի վերջո աշխարհում ոչինչ հենց այնպես չի կատարվում, ու չեն սպասում, որ «դեպքը» տեղի ունենա, նոր միայն հերոսաբար լծվեն հետևանքների վերացմանը: Մարդիկ կարողանում են կանխատեսել զարգացումները, բարեկամներս, կարողանո՜ւմ են: Ինչպես կասեր ֆուտբոլից առանձնապես բան չհասկացող, սակայն մեծն ատամնաբույժ աներորդիս, «ամեն ինչ հաշված խիար է»:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՇՎԵԴԻԱ
Կողմերն իրար հետ մրցելու բավական հարուստ փորձ ունեն: Առավելությունը Սկանդինավյան թերակղզու ներկայացուցիչների կողմն է` վեց հաղթանակ, նույնքան ոչ-ոքի, երեք պարտություն: Այստեղ կողմերից մեկին առավելություն տալը շատ ավելի դժվար է, քան առաջին դեպքում, բայց դե, կարծում եմ, կգտնվի սողոմոնյան լուծում, համաձայն որի, «Ոսկե գնդակը» «կզիջվի» Քրիշտիանու Ռոնալդուին, աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունքը, ի դեմս հարավսլավական ծագումով Զլատան Իբրահիմովիչի, կտրվի շվեդներին: Կամ էլ` հակառակը. Վասկո դա Գամայի ժառանգորդները կգնան համաշխարհային ջրերի մեծ սիրահար իրենց նախապապի մոտավոր հետքերով, Շվեդիան ներկայացնող «ոսկե տղան» կփորձի «Ոսկե խաղակոշիկի» հարմարավետությունը:
ՀՈՒՆԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ
Այս երկուսի հարաբերությունները շատ ավելի հարուստ են: Երեսունը, համենայն դեպս, ոչ յոթ է, ոչ էլ տասնհինգ, ինչպես նախորդ երկուսի պարագայում է: Տասնյոթ անգամ հաղթել են ռումինացիները, հինգ անգամ` հույները, սակայն առաջիններն ավելի հաջողակ են եղել ավելի վաղ փուլում. 1930-1978 թվերի միջև ընկած ժամանակահատվածում հույները ոչ մի անգամ չեն ճաշակել հաղթանակի բերկրանքը: Ինչ վերաբերում է անցումային խաղերին, ռումինացիները նման մեկ փորձ ունեն միայն, այն էլ` ձախողված. 2002-ին զիջել են սլովակներին: Հույների մասին արդեն վերը նշել ենք` ուկրաինացիների հետ կապված: Արդ, դառնալով բուն անցումայինին, ո՞ւմ կողմն է առավելությունը: Այստեղ միանշանակ պատասխան գտնելն ավելի քան բարդ է, քանզի ավելի քան դժվար է տեսնել ֆուտբոլային բոսերի շահագրգռությունները: Իսկ գուցե և գտնված է լուծումը` «Ով կտանի` կտանի» չեզոք տարբերակով: Մեր համեստ կարծիքով, թերևս, այստեղ ավելի շատ ականատես կլինենք ֆուտբոլի:
ԻՍԼԱՆԴԻԱ-ՀՈՐՎԱԹԻԱ
Այն, որ հորվաթներն անցումային խաղերի փորձ ունեն, արդեն իսկ հիշատակել ենք վերևում ու դարձյալ նույն ուկրաինացիների հետ կապված: Այլ բաներ չենք հիշատակում, քանզի դրանք` չիք: Ինչ վերաբերում է կղզիաբնակներին, նրանք նման խաղերի փորձ ընդհանրապես չունեն, իսկ միմյանց հետ ունեցած հանդիպումների առնչությամբ ասենք, որ, դրանք երկուսն են ու վերաբերում են 2006-ին, երբ հորվաթները երկու հանդիպումներում էլ գերազանցեցին մրցակցին, տանը` 4:0, Ռեյկյավիկում` 3:1 հաշվով: Այստեղ, թերևս, հանդգնենք միանշանակ կանխագուշակել հորվաթների հաղթանակը:
Ավարտելով նյութը` մի հիշատակում էլ անենք անցումայինի մասնակիցներից: Խմբայիններում նրանցից ավելի շատ միավոր վաստակել են հույները` 25, բոսնիացիներին առաջին տեղը զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: ՈՒկրաինացիներն ու պորտուգալացիները վաստակել են 21, շվեդները` 20, ռումինացիները` 19, իսլանդացիները, հորվաթներն ու ֆրանսիացիները` 17 միավոր:
Հուսով եմ` խաղերի արդյունքների մեկնաբանության մեջ ընթերցողը տեսավ հումորը կամ դրա դրսևորումը, թեպետ հայտնի բանաձևումն ասում է` ի՞նչ հումոր` առանց ճշմարտության հատիկի: Մի խոսքով, զինվեք համբերությամբ ու «վիվարոների» հետ գլուխ մի դրեք. դրանք սպորտի մեջ ավելի շատ սիրում են ձեր միամտությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ